Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եռաշերտ ներկան՝ միտակ ապագայի դեմ հանդիման

Եռաշերտ ներկան՝ միտակ  ապագայի դեմ հանդիման
10.01.2017 | 00:31

2017-ը նոր է սկսվել՝ 10 օր, ու դեռ 355 օր կա մինչև նոր տարի:


* 2017-ը պատմության առաջին տարին չէ, պատմությունը պահանջում է, որ իրեն կառուցեն, այլապես հնարավոր չէ ոչ հիշել, ոչ իմաստավորել: Ոչ մի կառույց, սակայն, ի զորու չէ պահպանել նյութն ամբողջությամբ: Խնդիրն իրականության և իրականության մեր պատկերացումների միջև տարածության կրճատումն է: Այդ տարածությունը երբեք չի զրոյանա, հնարավոր է նվազեցնել աղավաղումները: Մարդկության զարգացումը մի սանդղակից մյուսին անցնելն է՝ վայրենություն-բարբարոսություն-քաղաքակրթություն: Նախնադարյան համայնական կարգեր, ստրկատիրություն, ավատատիրություն-կապիտալիզմ/սոցիալիզմ: Պատմության ավարտը: Որ Ֆուկույաման հասցրեց հերքել, թեպետ ինքն էր հայտարարել:
** 2017-ին էլ առեղծված են սև անցքերը՝ սև նյութը, հականյութը: Գիտնականներից ոմանք պնդում են՝ Տիեզերքի մեկ քառորդը այդ նյութից է, որ մինչև այսօր չի գտնվել: Փորձերը ապարդյուն են, ադրոնային կոլայդերը՝ ևս, աստղագիտությունը՝ նույնպես: Գիտնականները տարակուսում են՝ կամ կառուցել ավելի զգայուն սարքեր, կամ չորոնել՝ ինչ գուցե գոյություն չունի:
*** 2017-ը քաղաքական դաշտում՝ ընտրություններ են, որ քառորդ դարում առաջին անգամ լինելով խորհրդարանական, հավասար են նախագահականին՝ կազմավորում են իշխանություն: ՀՀԿ-ն ոչ միայն չի պատրաստվում հանձնվել, այլև պատրաստ է քաղաքական ռեինկարնացիա կազմակերպել ի Տեր հանգած կուսակցությունների համար (ճիշտ է՝ մեկական անդամով): ՀՀԿ-ն ԱԺ կբերի արբանյակ ԲՀԿ-ին՝ այդպես անվտանգ է, քան թույլ տալ, որ ԲՀԿ-ն ազատ նավարկության դուրս գա: Առանց Գագիկ Ծառուկյանի: ՈՒ հանդիպի Ռոբերտ Քոչարյանին:


* Ոչ մի տեխնոլոգիական հայտնագործություն և ոչ մի հասարակական ինստիտուտ ունիվերսալ չեն և չեն բացատրում մշակույթի առանձնահատկությունները: Հասարակությունները, եթե պարբերաբար տեղեկատվություն չեն փոխանակում, սկսում են բաժանվել՝ սկիզբ տալով ձևերի անհաշիվ բազմազանության, բայց բոլոր որակների համադրումով՝ գոյություն չունեն միանման երկու հասարակություններ ու չեն եղել երբեք: Զարգացման ոչ մի մոդել չի համապատասխանել իրականությանը մարդկության մասշտաբով:
** Գիտնականներն ընդունում են, որ պատրաստ չեն հարցը վերջակետել: Բայց նրանց փակուղի է մտցրել փաստը, որ սև նյութը չգտնվեց այնտեղ, որտեղ կանխատեսվում էր, որ ադրոնային կոլայդերում չհաջողվեց միմյանց հետ բախման մեջ դնել այդ նյութի երկու մասնիկ, որ աստղագետները աննիհիլյացիայի գոնե մեկ օրինակ չտեսան:
*** 2017-ի ընտրությունները փորձություն են բոլոր կուսակցությունների համար՝ ներառյալ ՀՀԿ-ն: Նորին մեծություն ընտրացուցակը պտտվում է բոլորի մտքերում, ու բոլորն իրենց տեսնում են առաջին տասնյակում՝ հետ մղելով վախը, որ չկան ցուցակում ընդհանրապես: 131-ից 101 դառնալը ինչ-որ մեկի հաշվին պիտի լինի: Վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրություններից հետո կտրականապես նախարար Դավիթ Հարությունյան չի ուզում ունենալ կառավարությունում, ու նա կվերադառնա ԱԺ: Իշխանությունը չի կարող երախտամոռ լինել՝ խառնիճաղանջ Ընտրական օրենսգրքի համար պետք է փոխհատուցել: Ոչ միայն նրան՝ մանդատ է ակնկալում Հրայր Թովմասյանը: Արդարադատության նախարարների համաճարակ է՝ գործող նախարարն էլ է ԱԺ վերադառնալ ուզում: Բայց նրանք մանրուք են՝ համեմատած բուն խնդրի հետ՝ իշխանության ներսի բաժանումները: Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը նույն ուղղությամբ քայլելու են մինչև 2018-ը, իսկ հետո նրանց ճանապարհները բաժանվելու են: Ով՝ ո՞ւր, ո՞վ՝ ում հետ: ՀՀԿ-ականները չեն կարող խաղաքարտերով իրենց ճակատագիրը որոշել, նրանց պետք է որոշակիություն՝ կարգավիճակի, շարժական ու անշարժ գույքի, աշխատանքային գրքույկի:

Կհարցնեք երկի՞ր, պետությո՞ւն, գաղափա՞ր, ծրագի՞ր՝ ըստ իրավիճակի, ըստ կուսակցական կարգապահության: Ըստ Սերժ Սարգսյանի:


* Հասարակության զարգացման վրա բազում գործընթացներ են ազդում՝ օբյեկտիվ ու մշտապես գործող, սուբյեկտիվ ու պատահական, որ, սակայն, կարող են ուղղություն փոխել: Ոչ միայն պատմաբաններն ու քաղաքական գործիչները, ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ի՞նչ կլինի վաղը: Զարգացումը անդադար է: Պատմությունը չի սկսվել Բաբելոնում կամ Եգիպտոսում, ոչ էլ Հռոմում՝ մարդու ու նրա նախնիների սահմանը գոյություն չունի ու հնարավոր չէ գծել ոչ հազարամյակների, ոչ տասնյակ հազար տարիների ճշգրտությամբ:
** Ֆիզիկոսները ուզում են հասկանալ՝ ի՞նչ է կատարվում: Վերանայել Տիեզերքի մոդելը, որ մինչև հիմա հիանալի աշխատում էր, չափազանց արմատական քայլ է, ոչ բոլորն են պատրաստ: Ոմանք պնդում են, որ չեն տեսել սև նյութը, բայց նա կա, համենայն դեպս՝ կան կողմնակի ապացույցներ: Ոմանք նույնիսկ պնդում են, որ մինչև 1 %-ի ճշտությամբ գիտեն կշիռը՝ սև մատերիան պարտավոր է գոյություն ունենալ, այլապես գիտության ողնաշարը կփլուզվի: Իսկ եթե ողնաշար չկա՞:
*** ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Դոնալդ Թրամփը ոչ այն պատճառով, որ նրա ծրագիրը մրցակցից ավելի իրատեսական էր, նա խելացի էր, երիտասարդ ու համոզիչ: Ոչ: Նա ընտրողի համար նոր դեմք էր՝ ընտրողը հոգնել է փորձառու, խելամիտ, կանխատեսելի քաղաքական դինոզավրերից, նրան նորություն է պետք, որ բացի քաղաքականությունը՝ մարդկանց տա այն անանվանելին, որ լցնում է գոյության ճեղքերը ու ներդաշնակություն հաստատում կյանքում: Թրամփը դա չի անելու, բայց հույս ներշնչեց, որ չի լինի այնպիսին, ինչպիսին էին նախորդները ու, թերևս, կլինեն հաջորդները: Խոստովանեք, երբ տեսնում եք հայ քաղաքական գործիչներին, արդեն գիտեք՝ ով ինչ է ասելու, ու դա ոչ թե կայունություն է, այլ մաշվածություն: Քաղաքական, գաղափարական, կուսակցական: Դա ոչ միայն էլիտայի, հասարակության հոգնածության հայտանիշ է, նորություն է պետք՝ գաղտնիք, առեղծված՝ հույս, որ կմղի անկանխատեսելի քայլերի, որ ոչ թե բոլորն ամեն ինչ հասկանում են, գիտեն, հաշտվել են, այլ ոչ ոք ոչինչ չի հասկանում ու պատրաստ է հասկանալու, իմանալու՝ անձամբ, գործելու: Ընտրություն ունենալու, ընտրելու, հաղթելու: ՀՀԿ-ի գլխավոր սխալը ինքն իր ու հասարակության ընդարմացումն է՝ ճահճում ջրի համը մոռանում են:


* Պատմություն ունեն բոլոր հասարակությունները ու գրում են իրենց դասագրքերում: Անցյալի պատկերը իրականությանը չի համապատասխանում՝ ոչ հեռավոր, ոչ մերձավոր: Որտեղի՞ց են դասագրքերի հեղինակները տեղեկություններ հավաքում: Հազիվ թե նրանց հասու է ավելին՝ նրանք էլ սովորել են նույն դպրոցներում, կարդացել նույն գրքերը, ինչ մյուսներս, բայց բոլորս հավատում ենք դասագրքում գրածին՝ պայմանականություն, որ զուգահեռվում է ժամանակի, տարածության, պատմության ընկալման պայմանականությանը:
** Կան տեսաբան ֆիզիկոսներ, որ առաջարկում են վերանայել Նյուտոնի ձգողականության տեսությունը և Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը: Նրանք համարում են, որ ձգողականությունը հիմնարար բնական ուժ չէ, այլ ծագում է իբրև քվանտային ակտիվության հետևանք, ինչպես ջերմությունն արդյունք է սուբատոմային մասնիկների փոխգործակցության: Նյուտոնին ու Էյնշտեյնին պետք չէ մոռանալ, պետք է մոռանալ սև նյութը, որ մինչև հիմա չի հայտնաբերվել: Այդ ֆիզիկոսները վստահ են, որ սև նյութը երբեք չի գտնվի ու պետք էլ չէ: Տիեզերքում կատարվողը ձգողականության ուժի հետևանք է, այլ ոչ թե սև նյութի գործողության: Բայց շատերն էլ վստահ են՝ սև նյութը կա, պարզապես դժվար է գտնելը: Եթե ձգողականության օրենքը և համապատասխանաբար՝ հարաբերականության տեսությունը գործում են, աստղերի ու գալակտիկաների շարժումը բացատրելու համար անհրաժեշտ է սև նյութը: Խնդիրը հենց այդ «եթե»-ն է: Իսկ եթե գիտական վեճերը մի կողմ թողնենք՝ այդքան կարևո՞ր է իմանալ, տեսնել, գտնել, հաստատել այդ վիճելի սուբստանցիայի գոյությունը: Ձանձրալի գիտնականները համարում են, որ, այո, մարդկության ինտելեկտուալ խնդիրն է՝ հասկանալ Տիեզերքը, որտեղ ապրում է: Լավ, հասկացան, հետո՞՝ ի՞նչ են անելու: Սկսելու են աղավաղե՞լ՝ կատարելագործելու անվան տակ, ու մարդկության պատմությունը նորի՞ց է սկսվելու՝ Տիեզերքի ուրիշ հատվածում, ուրիշ մոլորակում, ուրիշ տարածքի, ժամանակի ու ինքնության մեջ: Մեզ ի՞նչ:
*** Մենք շարունակ խոսում ենք, գրում ենք, մտածում ենք նյութի մասին, բայց կա հոգին, առանց որի նյութը մասնատվում ու անհետանում է, ու գուցե հենց դա է սև նյութը, որ ոչ ոք Երկրի վրա չի կարողանում գտնել: Կոորդինատների հարթությունն է պետք փոխել, երբ անհայտները չեն հայտնիանում, իսկ հայտնիները հավասարում չեն դառնում: ՈՒ ընդհանրապես՝ ո՞վ է հնարել հավասարակշռության օրենքը: Չկա, աշխարհում երբևէ չի եղել ու չի լինելու հավասարակշռություն: Ոչնչում: ՈՒ դա օրենք է, որ բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի հայտնագործել: Անվանեք իմ անունով, ձեր անունով, ձեր երկրի ու ժամանակի: Օրենքը կա ու օրենքը սահմանում է՝ հավասարակշռությունը անորսալի պահ է՝ կյանքի ու մահվան բախումը, որից հետո մատերիան փոխարկվում է, իսկ հոգին մնում է: ՈՒ եթե վերադառնանք 2017-ի ընտրություններին, բոլորին հետաքրքրում են կուսակցությունների անունները, տոկոսները, մանդատները, իսկ հետո՞: 2017-ի ապրիլի 3-ին կյանքը չի ավարտվելու: Ի՞նչ են անելու հաղթողներն ու պարտվածները: Հասարակությունը ի՞նչ է ստանալու, պատմությունը ի՞նչ է ստանալու, Տիեզերքը ի՞նչ է ստանալու այդ ընտրությունից: Ի՞նչ է փոխվելու հասարակության ու մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Եռաշերտ այս հարթության մեջ մեզնից քանի՞սն ունեն պատասխաններ: Իսկ պատասխաններ պետք են՝ գլոբալ խնդիրների մեջ լոկալ պատճառներն են մեկտեղված: Ի՞նչ խնդիր ենք մենք լուծում: Ի՞նչ հեռանկար ենք մենք ստեղծում: Մենք՝ բոլորս, բազմակուսակցական ու անկուսակցական հանրություն, որ չունի արժեհամակարգ: ՈՒ հաղթելու է գուցե այն քաղաքական ուժը, որ այլևս չի որոնելու սև նյութը, չի գնահատելու պատմության կառուցվածքը, չի ապավինելու Նյուտոնին ու Էյնշտեյնին քաղաքականության մեջ, այլ գնալու է սեփական՝ աննյութ ու ոգեղեն ճանապարհով: Որ բերելու է իր արժեհամակարգը, որտեղ ոչ միայն անվանված են մեղքերն ու առաքինությունները, այլև տեղ է թողնված թռիչքին, որ ստեղծում է իդեալ: Հայաստանը կարիք ունի ոչ թե մոդելի ու խորհրդանիշի, Հայաստանը ծարավի է սիրո ու խելահեղության, անկարելիի, անհնարի, անհասանելիի ժխտումի, ու՝ փոփոխության: Իսկ հիմա այս ամենը տեղավորեք խորհրդարանական տոկոսների մեջ: Ասենք, կանխատեսելիության սահմաններում՝ ՀՀԿ՝ 60 %, ԲՀԿ` 12%, ՀՅԴ` 7%, ՕԵԿ`10%, ընդդիմություն՝ 12%` 7+5 %, ԵԼՔ և անելքներ՝ անվանեք ում կուզեք: Անվանելիս հաշվի առեք, որ ՀԱԿ-ի դռները փակված են, «Ժառանգության»՝ նույնպես, նորաստեղծների հարցերը կլուծվեն մինչև ընտրություններ: Իսկ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կկոալիցվեն, ԲՀԿ-ն իրեն կվերանվանի կառուցողական ընդդիմություն, բուֆեր, այլընտրանք ու ինչ ասես, որ չկորցնի իշխանական կերակրատաշտը ու պաշտպանի իշխանության շահերը ընդդիմադիր դաշտում, ՕԵԿ-ում ոչինչ չի փոխվի՝ կշարունակեն իրենց վերածնված ճանապարհը դեպի պոպուլիզմի ու դեմագոգիայի մայրամուտ: Ընդդիմությունը, որ նաև ԱԺ փոխնախագահ կունենա (Նաիրա Զոհրաբյանից Նիկոլ Փաշինյան շրջագծում) իրեն կհամարի երկրի աղը, քաղաքականության ողնաշարը ու պետության ապագան:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Բայց նորին մեծություն ցուցակը՝ ցուցակ, կա ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ժողովուրդը, և կարող են լինել բոլորովին այլ տոկոսներ, այդ դեպքում քաղաքական սև նյութը կսկսի աշխատել ապագայի ու պատմության համար: Միտակ ապագան բովանդակություն ու ձև կստանա, իմաստ ու… անցյալ: Մենք կպատասխանենք հարցին՝ ո՞րն է մեր նույնականությունը, ինչպիսի՞ն ենք և ո՞ւր ենք գնում: Մենք պարզապես կփոխենք հայրենիքի պատկերացումը ու ` կառնենք ջրի համը: Մենք, որ ապրելու ուրիշ ժամանակ չենք ունենալու:

Դիտվել է՝ 2407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ